«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

«Մենք ամեն ինչ պիտի իմանանք, չիմանանք` կմեռնենք»

«Մենք ամեն ինչ պիտի իմանանք,  չիմանանք` կմեռնենք»
30.05.2013 | 23:27

«Րաֆֆի Հովհաննիսյա՞նն ով ա, որ ես իմանամ ուր ա և ինչով ա զբաղված: Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իրանից գլուխ չի հանում, ես ի՞նչ իմանամ: Մեկ Մոսկվայում ա, մեկ Ամերիկայում: Իրենից հարցրեք»,- «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի «ակտիվացմանը», ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Ավելին, ըստ բանախոսի, ավագանու ընտրություններում ընդդիմությունն անհաջող հանդես եկավ: «Իրենց ժամանակ է պետք վերլուծելու և նոր մոտեցումներով հանդես գալու համար,- շեշտեց պատգամավորը` հավելելով, որ Հայաստանում չկա միասնական ընդդիմություն։- Դա ամենամեծ խնդիրն է ոչ միայն ընդդիմադիր դաշտի, այլև երկրի համար: Երկրի զարգացման գրավականներից մեկն էլ հզոր ընդդիմության առկայությունն է»:
Գազի գնի բարձրացման թեման ասուլիսի զգալի հատվածը զբաղեցրեց: Պատգամավորն անձամբ չի պատրաստվում իր գազը անջատելու, փոխարենը խնայողություն կանի և կարծում է, որ աշխատավարձերի բարձրացումը հնարավորինս կմեղմացնի սպասվող թանկացումը:
Անդրադառնալով վերջին շրջանում ամենաշատ քննարկվող հարցին, թե ինչու նախագահը Բիշքեկ չգնաց, Համլետ Հարությունյանն ասաց. «Հայաստանի նախագահը շատ հավասարակշռված քաղաքականություն է վարում և ամեն ինչ անում է, որ հավատարիմ մնա Հայաստանի շահին: Հայոց արքունիքը միշտ բաժանված է եղել երկու մասի` մի մասը հունասեր է եղել, մի մասը` հռոմեասեր: Այս պատճառով էլ միշտ տանուլ ենք տվել»: Ավելին, ըստ բանախոսի, եթե դա անգամ դեմարշ է, ապա շատ լավ է մեր երկրի համար: «Նախագահը մեր ազգային տոնը հո չի՞ թողնելու և գնա Բիշքեկ: Մեր ժողովրդին հարիր է, որ պիտի ամեն ինչ իմանանք, պիտի իմանանք, թե ինչ պետական գաղտնիքներ կան: Չիմանանք` կմեռնենք: Ես ենթադրողների կազմի մեջ չկամ: Դա այն բնագավառն է, որի համար հանրապետության նախագահը պատասխանատու է, և միայն ինքն ու ԱԱԽ անդամները պետք է իմանան: Ես չեմ ժխտում, որ նախագահը միայն անկախության տոնի պատճառով չի գնացել, բայց պարտադիր չէ, որ բոլորն իմանան դրա մասին»: Անցնելով դեմարշին էլ` ասաց. «Ի՞նչ վատ բան ա, որ նախագահը նման դեմարշ արած լինի: Ես միայն ուրախ կլինեմ, քանի որ դա նշանակում է, որ մենք անկախ երկիր ենք, և մեր նախագահը գնացել է իր երկրի շահերը պաշտպանելու: Բաներ կան` արտաքին քաղաքականություն, բանակ և այլն, որ մի քիչ գաղտնի պիտի լինեն»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ